
Ադրբեջանի ԱԳՆ-ն ներկայացրել է այն գործոնները, որոնց առկայության դեպքում հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը:
«Ինչպես արդեն բազմիցս նշել ենք, հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ադրբեջանցի բնակչության Լեռնային Ղարաբաղ վերադարձը: Երկրորդը՝ պետք է առարկայական բանակցություններ անցկացնել, և երրորդը՝ Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն օկուպացված հողերից», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի Երևանում արած հայտարարությունը:
Աբդուլլաևան նշել է, որ միայն այդ երեք պայմանների կատարումից հետո հնարավոր է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը և Լեռնային Ղարաբաղի մարզին տրամադրել ամենաբարձր ինքնավարություն, որը ենթադրում է ադրբեջանական և հայկական համայնքների համատեղ գոյատևում՝ Ադրբեջանի սահմանների շրջանակներում: