Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կապերը կրում են ռազմավարական գործընկերության բնույթ և միջտարածաշրջանային մակարդակով փոխգործակցության զարգացումը հարաբերությունների առաջնահերթություններից մեկն է:
Այս մասին ասվում է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ Ինտերֆակս գործակալությանը տված հարցազրույցում:
Նախարարը ընդգծել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է կարգավորվի` Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա, նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
«Ցավոք, երկար տարիների ընթացքում բանակցությունները արդյունք չեն տվել: Սակայն Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, ինչպես նաև Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթաժողովների հարթակներում՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի վարչապետի միջև զրույցները, ինչպես նաև հայ գործընկերոջ հետ իմ երեք հանդիպումները բանակցային գործընթացի առաջխաղացման տեսանկյունից որոշակի լավատեսության հիմք են տալիս», - ասել է նախարարը:
Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների՝ 2018 թ. դեկտեմբերի 6-ին Միլանում անցկացված ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում ընդունված համատեղ հայտարարությունում նշված է, որ համաձայնություն է ձեռք բերվել՝ հակամարտության խաղաղ ճանապարհով արդարացի և ամուր կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու վերաբերյալ:
Իսկ դա նշանակում է, որ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ: Փաստաթղթում նաև կոչ է արտացոլված՝ Դուշանբեում երկու պետությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածության պահպանման և երկու երկրների ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման համար կոնկրետ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: Համատեղ հայտարարության մեջ արտացոլված է նաև՝ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության մակարդակով ինտենսիվ բանակցությունների անցկացման անհրաժեշտության գաղափարը:
«Հակամարտության կարգավորման մեջ առաջընթացը, տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համար պայմաններ ստեղծելը, առաջին հերթին, հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսական աճի համար», - ասել է Է.Մամեդյարովը: - Մեր երկիրը, ինչպես ապահովում է իր մյուս էթնիկ խմբերի ներկայացուցիչների անվտանգությունը, պատրաստ է` իր միջազգային պարտավորությունների համաձայն, դա անել նաև Լեռնային Ղարաբաղում հայազգի քաղաքացիների նկատմամբ և նրանց տրամադրել բարձր մակարդակի ինքնորոշման իրավունք՝ Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»: